Գուցե գրառումս ավելի շատ փիլիսոփայական երանգ ունենա, քան տեխնիկական, բայց, իմ կարծիքով, ամենաշատ ձայն փոշիացնելու է ՔՊ-ն: ՔՊ-ին տրված ձայները փոշիացել և փոշիանալու են իրենց վերարտադրվելու դեպքում: Բացի ձայները, փոշիանալու է նաև այն Հայաստանը, որը դեռ ինքնիշխանության որևէ շանս ունի: Ու թեև, ի տարբերություն նախորդ երկու ընտրությունների, ցիլոյավորը հիմա մի քիչ ավելի անկեղծ է թվում և չի թաքցնում իր ծրագրերի մի մասը, բայց վստահ եմ, որ ամեն ինչ չի ասում: 2018-ի և 2021-ի ընտրություններին մարդիկ նրան ձայն էին տալիս բաների համար, որոնք հետո ոչ միայն չեն իրականացել, այլև հիմնականում տեղի է ունեցել ուղիղ հակառակը: Այսպիսով այդ մարդկանց ձայները յուրովի փոշիացել են: Այս անգամ, կարծում եմ, կփոշիանան ոչ միայն ձայները: Ձայներ փոշիացրել են նաև այն ընդդիմադիր ուժերը, որոնք իրենց ընտրողից մանդատ էին խնդրել ցիլոյավորին հեռացնելու համար, բայց չեն արել դա: Ընտրողների մեծ մասը հենց դրա համար էր իրենց ձայն տվել: Այդ մարդկանց ձայներն էլ են յուրովի փոշիացել, որովհետև ինչի համար որ ձայն են տվել, չի իրականացել: Սա, իհարկե, չի նշանակում, որ տեխնիկական առումով ձայներ փոշիացնողներ չկան, որոնց նպատակը հենց դա է: Այդ ամենը ակնհայտ կդառնա ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, բայց ճիշտ չի, էլի, փոքր ռեսուրսներ ունեցող ուժերին որակել որպես ձայն փոշիացնող, այն դեպքում, երբ մարդկանց խաբելով, վստահությունը մսխելով, շատ երկար տարիներ փոշիացրել են ոչ միայն նրանց ձայները, այլև՝ հույսն ու հավատը, դարձնելով անտարբեր, նույնիսկ այս օրհասական իրավիճակում: Եվ դա փոքր ռեսուրսներ ունեցող ուժերը չեն արել:
Հուսով եմ՝ հասկացաք ասելիքս, և այսուհետ, ձայներ փոշիացնելու մասին դատողություններ անելիս, նաև որոշ այլ նրբություններ հաշվի կառնեք:
Արամ Աբաջյան